Sunday, September 19, 2010

ԵՐԿՈՒ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐՆԵՐ` ՏԱՐԲԵՐ ՍԿՈՒՏԵՂՆԵՐՈՒՄ



Մարդկության պատմության մեջ մեծ տեղ ունի ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը, որպես մարդկության տվյալ հատվածի բնորոշիչ հատկանիշ: Ըստ այդմ, հայ ժողովուրդը պատմության դարավոր շղթայում ունի իր ինքնագիտակցությունը, պատմական հիշողությունն ու ներկան: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայ ժողովրդի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ այսօր մեր պատմական հիշողության անբաժանելի մասն է, մեր ներկան ու ապագան է:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի տիրապետության տարբեր ժամանակահատվածներում իրականացվել էին հայկական ջարդեր, բայց Թուրքիան, օգտվելով 1-ին աշխարհամարտի ընձեռած բացառիկ հնարավորությունից, որոշեց մասսայական բնաջնջման ճանապարհով վերջնականապես ազատվել Արևմտյան Հայաստանի հայերից. <<Թողնել մի հայ, այն էլ թանգարանում>>,- սա էր Թուրքիայի դարասկզբի կարգախոսը:
1915թ. Գարնանը Օսմանյան Թուրքիան կազմակերպեց մեկուկես միլիոն հայերի կոտորած, բնաջնջելով տղամարդկանց ու կանանց, մանուկներին ու ծերերին, օգտագործելով միջնադարյան դաժան ու զազրելի մեթոդներ: Հայոց ՄԵԾ ԵՂԵՌՆԸ, սկսվելով 1915թ., շարունակվեց մինչև 1920-ական թվականները, խլելով հարյուր հազարավոր կյանքեր, աստանդական դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց:
Սակայն այսօր, 21-րդ դարասկզբին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական մակարդակով շարունակվում է ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Թուրքիայում, որտեղ դեռ կարելի է գտնել անթաղ մեռելների կմախքները, լսել նրանց ճիչն ու աղմուկը, որը չի հասնում աշխարհի խուլ թմբկաթաղանթին /բացի մի շարք երկրներից, որոնք պետականորեն ընդունել են հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ճանաչել այն, որպես անհերքելի փաստ/:
Տարիներ շարունակ հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման համատեքստում ԱՄՆ-ն վարում էր երկդիմի քաղաքականություն. Քաղաքական շահարկումների բորսայում ավելի թանկ են կշռում կեղտոտ խաղերն ու փոխշահավետ առևտուրը: ԱՄՆ նախագահների նախընտրական խոստումների մեջ առաջնահերթ հարցերից մեկը հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչումն ու դատապարտումն էր, սակայն ընտրվելուց հետո նրանք մոռանում էին իրենց խոստումների մասին: ԱՄՆ վերջին նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումները, ինչպես մյուս նախագահների, խոստումնալից էին, սակայն երկմտանք հարուցող: Սակայն արդեն երկու տարի է, ինչ ԱՄՆ նախագահն իր ապրիլի 24-յան ուղերձում չի օգտագործում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը: Այս անգամ ԱՄՆ նախագահը ուներ <<հիմնավոր>> պատճառներ, չէ որ հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչումն ԱՄՆ կողմից, կարող էր փակուղի մտցնել թուրք-հայկական <<կարգավորվող>> հարաբերությունները: Սակայն Թուրքիայի նախագահը առանց նախապայմանների սահմանները բացելու մասին փաստաթղթերի ստորագրումից հետո հեռուստատեսությամբ ու մամուլով հանդես եկավ այլ հայտարարությամբ, որ թուրք-հայկական սահմանը կարող է բացվել միայն Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերման դեպքում և մինչև այսօր Թուրքիան ձգձգում է սահմանների բացման գործընթացը: Տվյալ հայտարարության և սահմանների չբացման միակ պատճառն Ադրբեջանի հետ հարաբերություններն են, քանի որ թուրք-հայկական սահմանի բացման դեպքում կտապալվի Ադրբեջանի Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:
Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու տարի է իր ապրիլի 24-յան ուղերձում չի օգտագործում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը, այն որակելով հայերեն ՄԵԾ ԵՂԵՌՆ բառերով, կրկին հաստատելով ԱՄՆ վարչակազմի երկդիմի քաղաքականությունը: Եթե ԱՄՆ-ն շահագրգռված է և հետապնդում է կեղտոտ քաղաքական շահեր, ապա նա կարող է ճանաչել Կոսովոյի անկախությունը և անտեսել Ղարաբաղը, չընդունել հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ … Այսօր հայ ժողովրդի գերխնդիրը հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ և ԼՂՀ միջազգային ճանաչումն է:
Հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որ սկսվել էր մինչ համիդյան ժամանակները, շարունակվեց Աբդուլ Համիդի կողմից, կատարելագործվեց Օսմանյան Թուրքիայի կողմից և շարունակվեց խորհրդային բռնապետության օրոք: Ստալինը զարգացրեց Թուրքիայի քաղաքականությունը, պատմական Արցախն ու Նախիջևանը նվիրաբերելով մինչ խորհուրդները գոյություն չունեցող Ադրբեջանին, Ջավախքը` Վրաստանին, իսկ Զանգեզուրը հնարավոր եղավ փրկել միայն Գարեգին Նժդեհի ջանքերի շնորհիվ: Նախիջևանը նույպես ենթարկվեց ԵՂԵՌՆԻ, այս դեպքում` Սպիտակ ԵՂԵՌՆԻ, այսինքն, ստեղծվեցին բոլոր պայմանները, որպեսզի հայ ժողովուրդը տեղահանվի իր պատմական հայրենիքից: Այսօր այդ ԵՂԵՌՆԸ շարունակվում է, քանզի ազերիները ջերմեռանդորեն ոչնչացնում են Ջուղայի խաչքարերը, եկեղեցիներն ու պատմաճարտարապետական հուշարձանները: 1988թ. Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, մասնավորապես Սումգայիթում և Բաքվում իրականացվեց հայ ժողովրդի նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, չէ որ Ադրբեջանն այս հարցում չէր կարող ետ մնալ եղբայրակից Թուրքիայից:
Արդեն 95 տարի է, ինչ մեր պատմական հիշողությունը մեզ տանում է դեպի հուշարձաններ` հարգելու ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 1.5 միլիոն զոհերի հիշատակը, հարգելու նույնիսկ գերեզմանների չարժանացած մանուկներին ու ծերերին, կանանց ու տղամարդկանց, ովքեր զոհն էին ոչ միայն թուրք հրոսակների, այլև մեր թուլության ու անպաշտպանության:
Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, այն մեր անցյալի սխալներին անդրադառնալու և վերապրման օր է, մեր ավանդույթն է` անցյալը, ներկան ու ապագան է:
Վիտալի ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments:

Post a Comment