Monday, October 4, 2010

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ

    2010թհոկտեմբերի  2-ին  ԼՂՀ  Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղի ունեցավ հուշարձանի բացում, որը նվիրված էր արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, ՊԲ նախարարի տեղակալներ գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ՀՀ  ՊԲ N կայազորի հրամանատար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Տումի գյուղի և հարևան բնակավայրերի բնակչությունը:
     Բացման խոսքով հանդես եկավ Տումու համայնքի ղեկավար Էդիկ Մոսյանը.
-Տասնամյակներ առաջ, այստեղ, գյուղի կենտրոնում կանգնեցվեց բազալտե մի հուշարձան, ի պատիվ Մեծ Հայրենական պատերազմում զոհված տումեցիների: Ում մտքով կանցներ, որ գրեթե կես դար հետո մեկ այլ արյունարբու կհայտնվեր և տեղիք կտար հայոց Ցեղասպանության կրկնության, ի պատասխան ազատ ու անկախ ապրելու մեր պահանջի: Եվ հետևանքը` հայ-ադրբեջանական պատերազմը, այդ պատերազմին իրենց կյանքը նվիրաբերեցին 24 տումեցիներ, որի վկան այս հուշարձանն է:
     Հուշարձանի կառուցումն իրականացվել է հիմնականում համայնքի միջոցներով և համայնքի ղեկավար Է. Մոսյանի բազմաչարչար աշխատանքի շնորհիվ: Հուշարձանի կառուցման և ֆինանսավորման աշխատանքներին իրենց մասնկացությունն են ցուցաբերել <<Դիզակ>> հայրենակցական բարեգործական միության նախագահ Էդիկ Բաբայանը, համագյուղացիներ Գրիշա Բաղյանը, Արմեն Գևորգյանը, Գագիկ Ամիրջանյանը, Արմեն Աբրահամյանը և այլ անձինք: Այդ առթիվ համայնքի ղեկավարն իր և համայնքի բնակչության անունից խորին շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր անմիջական  մասնակցություն են ունեցել հուշարձան խաչքարի բացմանը: Հուշարձանի բացման նախապատվությունը տրվեց զոհված ազատամարտիկի այրի Լ. Ավագյանին և զոհված ազատամարտիկի դուստր Ա. Ավագյանին: Քահանա տեր-Մատթևոսը օծեց հուշարձան կոթողը:
     Տումու միջն. դպրոցի տնօրեն Լիդա Ավագյանը, 20-րդ դարի լավագույն մանկավարժ Խորեն Բաղդասարյանը, ազատամարտիկ Վլադիմիր Խաչատրյանն իրենց ելույթներում ներկայացրին արցախյան պատերազմը և տումեցու մասնակցությունն այդ պատերազմին: Իսկ զոհված ազատամարտիկի դուստր Արմինե Ավագյանն ասաց.
-Հպարտ եմ ես, որ իմ հայրը զոհվել է արցախյան պատերազմում հանուն այսօրվա:
Մենք այս հողից երբեք չենք հեռանա, քանզի նրա ամեն անկյունից մեզ են հետևում զոհված ազատամարտիկների աչքերը:
Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
-Շատ բան է փոխվել այսօր, սակայն նույնն է մնացել իր հողում ազատ ապրելու արցախահայության կամքը: Պատերազմներն առանց զոհերի չեն լինում, տումեցին հերոսաբար կանգնեց դժվարությունների դեմ և հաղթանակով դուրս եկավ:
Այնուհետև ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը.
-Հուշարձանի բացումը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս խոնարհվել մեր զոհված ազատամարտիկների, նրանց այրիների, երեխաների ու մայրերի առջև: Փառք ու պատիվ Ձեզ, տումեցիներ, քանզի այս դժվար պայմաններում դուք շարունակում եք հերոսություններ անել:
Իրենց սրտի խոսքն ասացին Տումու միջն. դպրոցի աշակերտները: Վերջում մեդալներ, թանկարժեք նվերներ ու պատվոգրեր հանձնվեցին արցախյան պատերազմի մասնակիցներին, իսկ զոհված ազատամարտիկների յուրաքանչյուր ընտանիքի Արցախի ազատամարտիկների միության և Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվեց 20 000-ական դրամ:
     
    
     
        

No comments:

Post a Comment