Wednesday, September 15, 2010

Հադրութի դեմքերը (մաս առաջին)

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԸ կամ ԷՐԻԿ-ԽՈԳՈՆ

Յուրաքանչյուր հադրութեցի շատ լավ է ճանաչում քաղաքի կենտրոնում թափառող ու մի կերպ օրվա փողն աշխատող, տարօրինակ արտաքինով այս տղային:

Սակայն ամեն մի պատկերացում միանգամից վերափոխվում է, երբ զրուցում ու ծանոթանում ես փախստական տղայի պատմությանը:
30-ամյա Էրիկը, որին չգիտես ինչու հադրութեցիք Խոգո են ասում, ամեն Աստծո օր արթնանում է այն համոզմունքով, որ քսան տարի առաջ կորցրած եղբոր մասին որևէ լուր կիմանա, կամ էլ մոռացության մատնած բարեկամներից ինչ-որ մեկի քնած խիղճը կարթնանա:
Բայց ժամանակն ապացուցում է, որ նրա միակ բարեկամը անծանոթ մի կին է ` տիկին Ռիման, ով խղճահարությունից ելնելով պահում է Էրիկին` սեփական մոր նման հոգալով տղայի հոգսերը:

Իսկ ամեն ինչ սկսվել է չարաբաստիկ Սումգայիթից: Կյանքի սովորական ընթացքը միանգամից փոխվեց, երբ ազերու յաթաղանը անօրեն կախվեց բնիկ հայերի գլխին: Ամեն շատ ավելի վատ կվերջանար, եթե չլիներ մի բարի, ռուս ընտանիք, ով ապաստան տվեց Էրիկենց ընտանիքին: Ապա բռնի տեղահանված հայերին հսկողության տակ վերցրին ռուս զինվորականները: Այստեղից էլ սկսվեց դժբախտության հաջորդ փուլը. թաքստոցը երկաթբետոնե մի կառույց թր, որի վրայով ինչ-որ կոյուղու գիծ էր անցնում: Պատսպարվածների մեծ մասն այստեղ տարբեր կարգի հիվանդություններ ձեռք բերեցին:
Հայրական կողմից ինչ-որ բարեկամների վրա հիմնվելով` նրանց ուղարկեցին Հադրութ, որտեղ էլ ամեն մի սպասելիք հօդս ցնդեց: Հադրութում նրանց ոչ ոք չէր սպասում:
Մի կերպ բնակարան են ձեռք բերում, սակայն շուտով հայրը մահանում է, մնում են մայր ու որդի: Մայրն էլ արդեն առաջվանը չէր. հիվանդությունը գնալով խորանում էր: Այս ընթացքում Էրիկի վիճակն էլ է վատանում. Կարմիր Խաչն իր վրա է վերցնում տղայի բուժման ծախսերը:

Սակայն ճակատագիրը չափազանց դժվար խաղ էր սկսել այս ընտանիքի հետ: Ժամանակ անց հադրութեցի <<բարի մարդիկ>> խաբում ու ընդամենը 200 դոլարով խլում են նրանց ձեռքից պետության կողմից տրված բնակարանը: Հիվանդ մայր ու որդի մի կերպ ապաստանում են հին շուկայի տաղավարներից մեկում: Այստեղ էլ դժբախտությունը հանգիստ չի տալիս նրանց. մայրը, որ արդեն ի վիճակի չէր տեղաշարժվել, ձմռան կեսին ընկնում է էլեկտրական սալիկի վրա ու այրվում: Միայնակ մնացած Էրիկին այս անգամ խղճում է հադրութեցիներից մեկն ու իր կիսավեր տան սենյակներից մեկում ապաստան է տալիս նրան: Ցերեկները Էրիկը տիկին Ռիմայի մոտ է մնում, օգնում է նրան, ապա Խորն աղբյուրում տարբեր մարդկանց համար քիչ վարձատրվող աշխատանքներ է կատարում: Դրանով հաջողվում է միայն ծխախոտի հոգսը քաշել: Մնացած հարցերում օգնում է տիկին Ռիման, ով մոր նման է վերաբերվում նրան:


Երբ զրուցում էի տիկին Ռիմայի հետ, այնքան սրտացավություն նկատեցի այդ բարեկամական ոչ մի կապ չունեցող կնոջ մեջ, որ պարզապես անհավատալի թվաց.
-Մեղքս շատ է գալիս:Գողություն չի անում, հիմարություն չի անում: Լսում ու ենթարկվում է իմ բոլոր խորհուրդներին ու խրատներին: Կարող եմ ասել, որ իմ հարազատ տղայի պես եմ սիրում: Ուտելիքն էն գլխից նրա համար եմ վերցնում, պահում: Ինչ անեմ, անտեր երեխա ա, հո չենք թողնի սովից ու ծարավից մեռնի:

Ինքը` Էրիկը, Աստծուց այնքան էլ շատ բան չի խնդրում.
-Մենակ ուզում եմ մեծ եղբորս գտնել: Մինչև պատերազմը մեզ նամակներ էր գրում: Հետո կապը կտրվեց: Երեևի մտածում էր, որ կենդանի չենք մնացել ....


Որքա~ն հավատ ու սպասում կա այս երեսնամյա տղայի մեջ, որի ճակատագիրը խեղված է ի վերուստ:
Հ.Գ. Ես խոստացա Էրիկին, որ ամեն կերպ կփորձեմ գտնել իր եղբորը, որի տվյալներն ինքն ինձ տվեց: Նաև խոստացա, որ կանեմ ամեն ինչ բնակարանի հետ կապված արդարությունը վերականգնելու համար:

4 comments:

  1. ...շատ տխուր պատմություն էր, Լիանա, բայց լավ է, որ դեռ կան տիկին Ռիմայի պես սրտացավ մարդիկ...

    ReplyDelete
  2. Գուցե Էրիկի եղբոր տվյալները գրես, կարող է ինչ-որ մարդ կա, որ ճանաչում է?

    ReplyDelete
  3. Լիան,կարդալու ողջ ընթացքում և մինչև հիմա մարմինս փշաքաղվում է...չգիտես` ինչ մտածես:Հիմա տեսնես քանի ու քանի ԽՈԳՈՆԵՐ կան,որոնց մասին դեռ ոչ ոք չգիտի, որոնց մասին հոգ տանող,գթասիրտ ՌԻՄԱՆԵՐ չկան:Ցավան այն է, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները չեմ համապաասխանում, որ կարողանանք գոնե մի փոքր օժանդակել այդ մարդկանց:

    ReplyDelete
  4. Չգիտեմ էլ ինչ ասեմ:Կյանքը մեծ փորձությունների միջով ա մեզ տանում, դրա համար ել էսքան քախցրա լինում: Ես շատ եմ լսել էս տեսակ պատմություններ ու ամեն անգամ դողում եմ լսելուց կամ կարդալուց: Հուսով եմ կգա մի օր, որ մենք էլ չենք լսի Խոգոների դժբախտ կյանքի պատմության մասին, այլ կլսենք նրանց երջանիկ կյանքի ու իրականանող երազանքների մասին:

    ReplyDelete