Wednesday, September 22, 2010

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ-ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԲ ՉԳԻՏԵՆՔ ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ...
Հադրութի շրջանի  գյուղերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը կախված է խոշոր միջոցների հետ, ընդ որում, համարյա բոլոր գյուղերում առկա են միևնույն պրոբլեմները. խմելու ջրի խնդիր, բնակարանային խնդիր, ոռոգման համակարգի ստեղծման խնդիր, մշակույթի տների վերանորոգման խնդիր, աշխատատեղերի ստեղծման խնդիր և այլն, և այլն: Եվ այդքան բարդույթները հնարավոր չէ կախարդական փայտիկի մի հարվածով վերացնել` գյուղացիների համար ապահովելով բարեկեցիկ ու ապահով կյանք, մանավանդ այն դեպքում, երբ շրջանի գյուղերի մեծ մասը արցախյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվել էր թուրքերի կողմից, երկրորդ հուզող հանգամանքն էլ այն է, որ գյուղացիներից շատերը չեն աշխատում, սովորել են հեշտ կյանքին:
... ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՄԱՆՈՒԿԻՆ
          Այս ենթատեքստի վրա համայնքի ղեկավարները շատ հաճախ հանդիպում են գյուղացիների քննադատական վերաբերմունքին, դառնում փողոցային ասեկոսների թեմա, պատճառը` գյուղացիները հաճախակի են շփոթում համայնքի ղեկավարի իրական պարտականությունները, այդ պարտականություններին բարդելով այնպիսի խնդիրներ, որոնք չեն մտնում համայնքի ղեկավարի իրավասությունների մեջ: Եվ դա դեռ բոլորը չէ. այն գյուղերում, որտեղ ծավալվել էր թեժ ընտրապայքար, բնակչությունը դեռևս բաժանված է կաղապարների, որտեղ իշխողը խմբավորումների և կուսակցական ոգին է, և հակառակորդները միշտ էլ պատրաստ են հակառակորդի հասցեին բարդել մի այնպիսի ասեկոս, որ դեռ ոչ ոք չի հասցրել ասել: Այս ոչ քաղաքակիրթ և հարցին մոտեցման սառը մեթոդները առաջացնում են թշնամանքի սաղմեր, մեծամասամբ փոքրիկ, նաև մեծ համայնքներում առաջացնելով խմբավորումներ, թշնամացնելով ժողովրդի մի հատվածը մյուսի հետ, վտանգելով մեր ազգային նկարագիրն ու ինքնագիտակցությունը:
ՀՈՂ ՉԵՆ ՄՇԱԿՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ
         Խոսելով գյուղացիների վերաբերմունքի մասին` չմոռանանք ասել, որ համայնքի ղեկավարն էլ պետք է իր բարձրության վրա լինի այն իմաստով, որ պետք է հաճախակի հանդիպի բնակչության հետ, ծանոթանա նրանց պրոբլեմներին … իսկ շրջանի մի շարք գյուղերում կատարվում է հակառակ երևութը, համայնքի ղեկավարը հեռանում է բնակչությունից, իսկ բնակչությունն էլ` համայնքի ղեկավարից, արդյունքում առաջանում է անջրպետ, որն այնուհետև հնարավոր չի լինում վերացնել: Այնինչ յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է շահագրգռված լինի իր գյուղում ստեղծել մի մեծ կոլեկտիվ, որի մեջ առանց խտրականության պետք է մտնեն բոլոր բնակիչները,, մեծ թե փոքր: Հաճախակի ենք ականատես լինում այն փաստին, որ գյուղի բնակչությունն անտեղյակ է շրջկենտրոնում, հանրապետությունում կատարվող իրադարձություններին այն մասով, ինչ վերաբերվում է իրենց սոցիալական խնդիրներին, գյուղատնտեսկան հարցերին և այլն, դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր ամիս շրջանի վարչակազմի նիստերում անդրադարձ է լինում այդ հարցերին: Այդ բոլորի հիմնական պատճառն այն է, որ համայնքի ղեկավարների ճնշող մեծամասնությունը և նրանց աշխատակազմերը չունեն բարձրագույն կրթություն: Համայնքի ղեկավարը, եթե իրոք ցանկանում է ստեղծել կոլեկտիվ, ապա պետք է իր ուշադրության կենտրոնում ունենա գյուղացուն, որպես չափանիշ: Ժողովրդավարության այս չափանիշները, որ եվրոպական երկրներում մշակվել են դարերի ընթացքում, մենք ցանկանում ենք կախարդական փայտիկի հարվածով տեղայնացնել, սակայն դա անհնարին երևույթ է, որն էլ հանգեցրել է ներկա իրավիճակին, ավելի կոնկրետ, շատ շուտ է համայնքի ղեկավար ընտրելու համար:
ԱՆԱՍՈՒՆ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ
         Մեր գյուղերում առաջացել է մի չարորակ երևույթ ևս, հաճախ ենք լսում, որ գյուղացիները չեն աշխատում և դեռ պահանջում են աշխատատեղեր, սակայն գյուղում անասնապահությունից և հողագործությունից բացի ինչ աշխատատեղեր պետք է բացել գյուղացու համար: Հարց, որին կարելի է պատասխանել միանշանակորեն. գյուղացին պետք է զբաղվի հողագործությամբ և անասնապահությամբ: Իսկ ով նախընտրել է կանգնել գյուղամիջում և սրա ու նրա հասցեին ասեկոսներ շպրտել, ապա տվյալ մարդիկ արդեն ընտրել են իրենց ուղին: Այդպիսիններից շատերը լկտիաբար սովորել են, որ պետք է, պարտավոր են իրենց օգնել, պետությունն ու առանձին անձինք, իսկ երբ չեն օգնում, նրանք կոկորդ պատռելով պահանջում են, չէ որ պետությունն և <<այն հարուստները>> պարտավոր են իրենց հետ կիսել իրենց բերնի թիքան:
         Ինչևէ, այնքան էլ առողջ չէ գյուղում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, քանզի բախվում ենք այնպիսի երևույթների, որոնք անհարիր են արցախցու կերպարին: Տարեցտարի լուծվում են և կլուծվեն մեր սոցիալական, կենցաղային խնդիրները, տներ կկառուցվեն, կլուծվի ջրի խնդիրը, կստեղծվի ոռոգման համակարգ, կվերանորոգվեն մշակույթի տները, իհարկե, կբացվեն նաև աշխատատեղեր, սակայն եթե խեղաթյուրենք մեր ազգային դիմագծերը, ապա վերականգնելն այլևս դժվար կլինի:

No comments:

Post a Comment