Friday, October 1, 2010

Միակ թամադան եմ, որ դեռ ծեծ չեմ կերել

-Անցած սեզոնին 5 հազար դոլար եմ աշխատել, բայց էս տարի, ոնց որ այդքան լավ չէր գործս,-ասում է Ղարաբաղում հեռարձակվող Փեյս ռադիոկայանի դիջեյ Արան:

Արան հայտնի մարդ է Ղարաբաղում: Երբ նա դեռ նոր էր Հայաստանից տեղափոխվել Արցախ ու նոր էր սկսել աշխատել ռադիոյում` շատ ունկնդիրներ ուներ, նույնիսկ նրան չտեսած` սիրահարվում էին:


Մի խոսքով` նա աղջիկների սիրելին էր, հատկապես` դեռահասների համար: Երեւի շատերի սիրտը կոտրվեց ու հույսերը չարդարացան, երբ պարզվեց, որ Արան վաղուց ամուսնացած ու երեխաներ ունի: Ինչեւե:

Վերջին տարիներին Արային սկսել են ոչ միայն լսել, այլ նաեւ տեսնել. Նա հաճախակի է հայտնվում տարբեր հարսանիքներում ու փոխարինում այսպես ասած ավանդական թամադային:

Ղարաբաղյան հարսանիքներում վերջին մի քանի տարիներին է սկսվել ձեւավորվել շոումենի “ինստիտուտը”: Նախկինում օրինակ թամադա էին ընտրում տղայի կամ աղջկա բարեկամներից մեկին, ով կարողանում էր թամադայություն անել, այնուհետեւ առաջ եկավ վճարովի թամադաների ավանդույթը, երբ նույն գործն անում էր ոչ թե բարեկամը, այլ վարձած թամադան: Իսկ հիմա արդեն “նոր սերունդ է մեծանում”: Ի հայտ եկած շոումենները փորձում են ամեն կերպ հետաքրքիր դարձնել հարսանյաց հանդեսը` իհարկե չխախտելով անցյալից եկած որոշ ավանդույթներ:

Արան օրինակ ասում է, որ հարսանիքների 3-րդ կենացը պարտադիր խմում են արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակի համար: Դա բոլոր միջոցառումներին պարտադիր պայման է,-ասում է նա: Իսկ մնացած կենացները շոումեն-թամադաները բարձրացնում են տարբեր կերպ: Արան, իր ասելով, հաճախակի է փոփոխություն կատարում իր “կենացացանկում”: Առաջին կենացն օրինակ Արայի վարած հարսանիքներում “բարով տեսանք”-ի կենացն է: Հետո նոր հերթը հասնում է հարս ու փեսային:

Դիջեյ-շոումեն-թամադան տխուր միջոցառումների չի գնում: “Տխուր առիթներ չեմ վարում: Մենակ ուրախի մեջ եմ կարողանում: Մի անգամ ծանոթներիցս մեկը եկավ, թե ուզում եմ երեխու քառասունքը գաս վարես: Զարմացել էի: Ասեցի ես տխուր առիթներ չեմ վարում: էտ տղան էլ թե` բա քեզ հենց դրա համար եմ ասում, ուզում եմ ուրախի մեջ անցկացնես:: էտ տղուն մի քանի հարց տալուց հետո հասկացա, որ Ղարաբաղում, երբ երեխայի քառասուն օրականը լրանումա իրանց լեզվով ասած կնունք են անում, բայց խոսքը եկեղեցով կնքելու մասին չէ, ուղղակի հարազատներով հավաքվում են ու շնորհավորում”:

Ղարաբաղում շոումեններ այնքան էլ շատ չկան: Նրանց կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել: “Ես ինձ մրցակից էս ասպարեզում չեմ տեսնում: Գենանա` ինքն էլ ռուսերեն լեզվովա վարում: Մի քանի հոգի էլ կան, բայց դե ինձ մրցակից չեն: Հա ի դեպ, ամենաթանկ վարձատրվող ու մինչեւ հիմա ծեծ չկերած թամադան եմ:

Արան մեկ հարսանիքի ժամանակ 30-50 հազար դրամ է աշխատում: Ասում է, որ այս տարի անցած տարվա համեմատ հարսանիքներն ավելի քիչ էին, բնականաբար եկամուտներն էլ ավելի քիչ:


Անի եւ Անահիտ

5 comments:

  1. ...շոումենի “ինստիտուտի” չակերտները շատ են սազում
    (չնայած հայերեն չեն):

    ReplyDelete
  2. Ճիշտ ես Մարութ ջան, գուցե գրաբար գրենք հը?

    ReplyDelete
  3. ՄԻ անտանելի թամադա կա Ստեփանակերտ, որ սաղ տեղերը նույն անեկդոտնա պատմում -- ինչ էր անունը?

    մենակ ոսկե ատամներն եմ հիշում :Ճ

    ReplyDelete
  4. * մեկ էլ բառդովի սարոչկան ՃՃՃ

    ReplyDelete
  5. կարողա ունիվերմագին ժորիկն ա?

    ReplyDelete