Wednesday, September 22, 2010

Խաղողահավաքի կանոնները


Այս տարի խաղողի բերքը բավական պակաս էր` համեմատած նախորդ տարիների հետ, ինչը մտատանջության մեջ է գցել բերքահավաքներին.
-Աշխարհի վերջն ա, էսինչ դենք անիլ...
Նախորդ տարի այս տարածաշրջանի գյուղացիները կարողացել են Բերդի Կոնյակի գործարանին մթերելու հանձնել որոշ քանակությամբ խաղող` 100-120 դր մեկ կիլոգրամի դիմաց: Այս տարի ոչ խաղող կա, ոչ էլ` հանձնեն:
Բերդում խաղողահավաքը սովորաբար կիրակի օրն է կազմակերպվում, խմբակային է. ով ինչ բարեկամ-ծանոթ ունի, զանգում-կանչում է` եկեք, խաղողը փչանըմ ա, համ էլ մի քիչ կթարմանաք...
Խաղողաքաղն սկսվում է մի-մի բաժակ օղով իր համապատասխան ատրիբուտների հետ: Օղին խմելուց հետո անպայման երկնքին են նայում (ինչն ինձ համար մանկուց ծիծաղելի է եղել), հետո մաղթում են, որ ձեռքբերածը լավ առիթով օգտագործեն, ու սկսում է բուն խաղողահավաքը.
-Էս մարգը պրծնենք, անց կենանք նոր էն մնին
-Իմ վեդրոն կա վեչ, էս ով տարավ


-Էդ ինչ եք էդքան բամբասըմ, գործ արեք, գոոործ....



Հա, այս աղմուկից հաստատ մի լավ կթարմանաս: Խաղողաքաղի արագությունը կախված է ԽԾԲ անդամների քանակից. ինչքան շատ, էնքան շուտ: Խաղողաքաղի ավարտից հետո սկսվում է ամենահետաքրքիր պահը` ուտուշ-խմուշը: Այստեղ էլ է առաջ քաշվում մեծազոր օղին, կրկին բարեմաղթանքներ են հնչում, գովում ջանասեր խաղողաքաղներին, հիշում, թե անցած տարվա խաղողաքաղին ով կար, ով չկար: Երբ բոլոր ափսեները սրբված են լինում, ամեն մեկն սկսում է հետաքրքրվել, թե ում մեքենայում տեղ կա, ով ում հետ պիտի վերադառնա: Մինչև այգու սկիզբը խաղողաքաղները ոտքով են գնում, իսկ խաղողով բեռնված (այս տարի կիսաբեռնված) բեռնատարը հանդիսավոր իջնում է խաղողաքաղների հետևից:
Եթե որոշել ես հաջորդ տարի գալ խաղողաքաղի, անպայման հաշվի առ հետևյալ խորհուրդները.


այնպիսի հագուստ հագի, որ կռանալիս կողքի մարգից նկատողություն չստանաս, քեզ ցուցադրելու չես եկել, սա Բերդն է
անպայման հետդ վերցրու տաք պիջակ կամ բաճկոն, չես իմանա` ինչ եղանակ կլինի օրվա վերջում
խաղող քաղելիս անպայման ոտքիդ տակ նայի, մեկ էլ տեսար օձը ֆշշացրեց
հաց ուտելիս մի սպասիր, որ երկրորդ անգամ առաջարկեն օգտվել, սա Բերդն է, էստեղ նորից նույն բանը չեն ասում
թե օղի ես խմում, լավ կանես մի բաժակով բավարարվես, մեկ էլ տեսար, քեզ տուն տանող չեղավ
թաց անձեռոցիկ վերցրու, անպայման խաղողց ես համտեսելու, էնպես արա, քաղցրոտ բեղեր չունենաս

3 comments:

  1. Խաղողն աշխարհի ամենալավ բերքն է երեւի :)

    Մեկ էլ նուռը

    Մել էլ թուզը

    Մել էլ կառալյոկը

    Մեկ էլ ` բոլորը :)

    ReplyDelete
  2. Լավ խորհուրդներ են: Ուրեմն սպասենք հաջորդ տարվան ;)

    ReplyDelete
  3. Նախ` հրավիրում եմ հաջորդ տարվա բերքահավաքին, հետո էլ` Մարութը միշտ լավ ախորժակ ա ունենում կամ էլ շատ սոված ա լինումՉ:

    ReplyDelete